1 Kings 7
1 Իսկ իր տունը Սողոմոնը շինեց տասներեք տարում և ամբողջովին վերջացրեց այն։
2 Շինեց նաև «Լիբանանի անտառի տունը». երկարությունը՝ հարյուր կանգուն, լայնությունը՝ հիսուն կանգուն, և բարձրությունը՝ երեսուն կանգուն, շինված էր չորս շարք սյուների վրա, որոնց վրա կային եղևնափայտե գերաններ։
3 Նաև եղևնափայտե մի հարկ շինեց այն գերանների վրա, որոնք քառասունհինգ սյուների վրա էին՝ մեկ շարքը տասնհինգ հատ։
4 Եվ երեք շարք պատուհանի շրջանակներ կային, և երեք պատուհան՝ իրար դեմ շարված։
5 Եվ բոլոր դռներն ու դռնասյուները քառակուսի էին, կամարակապ և երեք շարք՝ մի պատուհանը մյուսի դեմ։
6 Եվ սյունազարդ նախասրահը շինեց. երկարությունը՝ հիսուն կանգուն, լայնությունը՝ երեսուն կանգուն, և նրա առջև կար ծածկված գավիթ՝ սյուներով։
7 Նաև գահասրահը շինեց, որտեղ դատաստան էր անում, ատյանի սրահը. և այն հատակից հատակ ծածկված էր եղևնափայտով։
8 Եվ իր տունը, որտեղ նա բնակվում էր, մյուս գավթում, որ սրահի հետևում էր, նման էր այս կառույցին. և այս սրահի նման մի տուն շինեց փարավոնի աղջկա համար, որին Սողոմոնը կնության էր առել։
9 Այս բոլորը շինված էին ընտիր քարերից, որոնք տաշված էին ըստ չափերի, ներսից ու դրսից սղոցով սղոցված, հիմքից մինչև առաստաղը և դրսից մինչև մեծ գավիթը։
10 Եվ հիմքն ընտիր քարերից էր, մեծ-մեծ քարերից, տասը կանգուն քարերից և ութ կանգուն քարերից։
11 Եվ հիմքի վրա ընտիր քարեր էին՝ տաշած քարերի չափով, և եղևնափայտ։
12 Եվ մեծ գավիթը շուրջանակի երեք շարք տաշած քարերից էր և մեկ շարք եղևնափայտի կոճղերից. այդպես էին և Տիրոջ տան նախասրահն ու տան սրահը։
13 Սողոմոն թագավորը մարդ ուղարկեց և Քիրամին բերեց Տյուրոսից։
14 Նա Նեփթաղիմի ցեղից մի որբևայրի կնոջ որդի էր, և նրա հայրը տյուրոսցի պղնձագործ էր՝ լի իմաստությամբ, հանճարով և գիտությամբ՝ պղնձի ամեն տեսակ գործեր կատարելու համար. և նա եկավ Սողոմոն թագավորի մոտ և կատարեց նրա բոլոր գործերը։
15 Նա ձուլեց պղնձե երկու սյուները. մեկ սյան բարձրությունը տասնութ կանգուն է, որի շրջագիծը տասներկու կանգուն էր, և երկրորդը նրա նման էր։
16 Եվ ձուլածո պղնձից երկու խոյակ շինեց սյուների գլխին դնելու համար. մեկ խոյակի բարձրությունը՝ հինգ կանգուն և մյուս խոյակի բարձրությունը՝ հինգ կանգուն։
17 Ցանցաձև ցանցեր և շղթայակերտ հյուսվածքներ շինեց սյուների գլխին եղած խոյակների համար. յոթը՝ մեկ խոյակի համար և յոթը՝ մյուս խոյակի համար։
18 Եվ երկու սյուների վրա մեկ ցանցի շուրջը երկու շարք նռներ շինեց, որ ծածկեին խոյակները. նույնն էլ արեց մյուս խոյակի համար։
19 Եվ խոյակները, որ սյուների գլխին էին, նախասրահում, շուշանաձև էին, չորս կանգուն։
20 Եվ երկու սյուների խոյակները ցցվածքի ուղիղ վերևն էին՝ ցանցին մոտիկ. և մյուս սյան վրա շրջածիրով քանդակված էին շարքով երկու հարյուր նռներ։
21 Եվ սյուները կանգնեցրեց տաճարի նախասրահում. աջ կողմի սյունը կանգնեցրեց և նրա անունը դրեց Յաքին, և կանգնեցրեց ձախ կողմի սյունը և նրա անունը դրեց Բոոզ։
22 Եվ սյուների գլուխների վրա շուշանաձև քանդակներ կային. այդպես ավարտվեց սյուների գործը։
23 Շինեց նաև ձուլածո ծովը՝ մի պռունկից մինչև մյուս պռունկը տասը կանգուն, բոլորովին կլոր. բարձրությունը՝ հինգ կանգուն, և երեսուն կանգունանոց մի դերձան շրջապատում էր այն։
24 Եվ նրա պռունկի տակից շրջածիրով շարված էին կոճակներ՝ տասը մեկ կանգունում, որ պատում էին ծովի շուրջը, երկու շարք կոճակներ, որ ձուլված էին ծովը ձուլելու ժամանակ։
25 Ծովը դրված էր տասներկու եզների վրա. երեքը նայում էին հյուսիս, երեքը նայում էին արևմուտք, երեքը նայում էին հարավ, և երեքը նայում էին արևելք. և ծովը վերևից նրանց վրա էր, և նրանց բոլորի ետևի կողմը դեպի ներս էր։
26 Եվ նրա հաստությունը ձեռքի ափի չափ էր. և նրա պռունկը շինված էր բաժակի շուրթի նման, ինչպես շուշան ծաղիկ։ Երկու հազար մար էր տանում։
27 Եվ պղնձե տասը պատվանդաններ շինեց. յուրաքանչյուր պատվանդանի երկարությունը՝ չորս կանգուն, լայնությունը՝ չորս կանգուն, և երեք կանգուն՝ բարձրությունը։
28 Եվ պատվանդանները շինված էին այսպես. դրանք շրջանակվող տախտակներ ունեին, որոնք հաստատված էին շրջանակների վրա։
29 Եվ տախտակների վրա քանդակված էին առյուծներ, եզներ ու քերովբեներ. անկյունների կցվածքների վրա էլ առյուծների և եզների վերևից ու ներքևից շրջանակաձև քանդակներ կային։
30 Եվ յուրաքանչյուր պատվանդան պղնձե չորս անիվ և պղնձե առանցքներ ուներ, և վերևում՝ չորս անկյուններին՝ նեցուկներ. ավազանի տակ նեցուկները ձուլածո էին՝ յուրաքանչյուրը կախված պսակազարդով։
31 Եվ նրա բերանը ձագարի նման էր, դեպի վեր՝ մեկ կանգուն, և նրա բերանը կլոր էր՝ մեկուկես կանգուն. բերանի վրա նույնպես քանդակներ և շրջանակներ կային՝ քառակուսի և ոչ թե կլոր։
32 Եվ չորս անիվները շրջանակների տակ էին, և անիվների առանցքները՝ պատվանդանի մեջ, և յուրաքանչյուր անիվի բարձրությունը մեկուկես կանգուն էր։
33 Եվ անիվները շինված էին կառքի անիվների նման. նրանց առանցքները, շրջանակները, շառավիղները և գնդերը՝ բոլորը ձուլածո էին։
34 Եվ յուրաքանչյուր պատվանդանի չորս անկյունների վրա չորս նեցուկներ կային՝ պատվանդանի հետ միացած։
35 Եվ պատվանդանի գլխին կես կանգուն բարձրությամբ շուրջանակի բոլորակ կար, և պատվանդանի գլխին նրա ունկերն ու շրջանակները միացված էին իրար։
36 Եվ նրա ունկերի տախտակների վրա և նրա շրջանակների վրա ըստ պատշաճի քանդակեց քերովբեներ, առյուծներ և արմավենիներ ու շուրջանակի կախված զարդեր։
37 Այսպես շինեց այդ տասը պատվանդանները՝ բոլորն էլ ձուլածո, միևնույն չափի ու ձևի։
38 Եվ պղնձե տասը ավազաններ շինեց. յուրաքանչյուր ավազանը քառասուն մար էր տանում, յուրաքանչյուր ավազանը մեկ պատվանդանի վրա էր, տասը պատվանդանների վրա։
39 Եվ հինգ պատվանդանը դրեց տաճարի աջ կողմի ծայրին, հինգը՝ ձախ կողմի ծայրին և ծովը դրեց տաճարի աջ կողմում՝ դեպի հարավ-արևելք։
40 Եվ Քիրամը շինեց ավազանները, թիակները, կոնքերը. Քիրամը վերջացրեց այն բոլոր գործերը, որ Տիրոջ տանն անում էր Սողոմոն թագավորի համար։
41 Դրանք երկու սյուներն էին և գնդաձև խոյակները, որոնք այդ սյուների գլուխներին էին, և սյուների գլխին եղած գնդաձև երկու խոյակները ծածկելու համար շինված երկու ցանցերը։
42 Եվ չորս հարյուր նռները՝ այդ երկու ցանցերի համար, երկու շարք նռները՝ մեկ ցանցի համար, որ ծածկեին գնդաձև այն երկու խոյակները, որոնք սյուների վրա էին,
43 տասը պատվանդանները և տասը ավազանները՝ պատվանդանների վրա,
44 մեկ ծովը և տասներկու եզները՝ ծովի տակ։
45 Կաթսաները, թիակներն ու կոնքերը և այն բոլոր անոթները, որ Քիրամը շինեց փայլեցված պղնձից Տիրոջ տանը Սողոմոն թագավորի համար։
46 Թագավորը դրանք հողե կաղապարներով ձուլել տվեց Հորդանանի դաշտում՝ Սոկքովթի և Սարթանի միջև։
47 Եվ Սողոմոնն այդ բոլոր անոթները տեղավորեց, և որովհետև պղնձի չափը խիստ շատ էր, կշիռը չորոշվեց։
48 Սողոմոնը շինեց բոլոր այն կարասիները, որ Տիրոջ տանն էին, այսինքն՝ ոսկե զոհասեղանը, ոսկուց էր և այն սեղանը, որի վրա լինում էին առաջավորության հացերը,
49 մաքուր ոսկուց էին ճրագակալները՝ սրբարանի առջև, հինգը՝ աջ կողմից, և հինգը՝ ձախ կողմից, ոսկուց էին և ծաղիկները, ճրագները և ունելիները։
50 Եվ մաքուր ոսկուց էին գավաթները, պատրույգի մկրատները, կոնքերը, խնկամաններն ու բուրվառները և ներքին տան, այսինքն՝ սրբությունների սրբության, տան, այսինքն՝ տաճարի դռների ոսկե ծխնիները։
51 Այսպես կատարվեց այն ամբողջ գործը, որ Սողոմոն թագավորն արեց Տիրոջ տան համար. և Սողոմոնը տարավ իր հայր Դավթի նվիրած արծաթը, ոսկին ու անոթները և դրեց Տիրոջ տան գանձարանում։